Թե հանգչեմ այսօր` առանց հրաժեշտ տալու, այնպես, որ մնա միայն «բարի գիշերդ» կամ «ցտեսությունդ», կհասկանա՞ս, որ ուշ է: Թե վերանամ, հեռանամ, անհետ կորեմ ու էլ չգամ, սիրտդ մի բան կասի՞: Կասի՞, որ պետք է վազեիր դեպ ինձ, ասեիր այն, ինչ լռում ես դարերով, անեիր այն, ինչ թաքցնում ես կիլոմետրերով: Թե էլ գիշեր չլուսացնեմ, կհասկանա՞ս, թե որքան էի սպասում քեզ: Կզղջա՞ս, որ ցավել եմ, սիրտս ցավել է, շունչս կտրվել է անքուն գիշերներից, իսկ աչքերս տխրել են` անդեմ ամբոխներում քեզ փնտրելով: Տանս պատուհանները ճաքել են քո ճամփին նայելով, քայլերս շտապել են, բայց ու՞ր, թե չկաս կողքիս, չկաս անգամ առջևում կամ հետևում. պարզապես չկաս ու երբեք էլ չես եղել: Թե վաղն արդեն իմանաս, որ չկամ այլևս ոչ մի կերպ, թե վաղը վստահ չլինես, որ ինչ էլ պատահի, ես այստեղ կլինեմ, իմ երազներում ու երազանքներում, կհասկանա՞ս, թե որքան ես ճկել ժամանակն ու ինձ: Թե աչքերս էլ փայլ չտան, թե աչքեր էլ չունենամ, թե սիրտս չզարկի ուժգին, շունչս տխրություն չպատմի, մատներս չդողան միայնությունից, չլինեմ, չշնչեմ, չզարկեմ, կզգա՞ս, թե որն է իրական վերջը: Թե կորցնեմ գույներս, քամեմ ժպիտներս, անեծքներ թափեմ, թե ում, չգիտեմ, թե լսես, որ էլ չկամ, կհասկանա՞ս, որ իսկապես ուշ է… |