-Դե ահա: Ես հիմա կանգնած եմ քո դիմաց այնպես, ինչպես կամ: Չկա սուտ, խաբկանք, կեղծիք: Չկա այն դիմակը, որը կրել եմ միշտ: Երևի զարմացար չէ՞: Այո, չկա այդ դիմակը և ես ինքս եմ այն դեն նետել: Նետել եմ, որ կարողանամ ասել քեզ այն ամենն ինչ մտածում եմ քո մասին: Եկել եմ, որ դեմքիդ շպրտեմ քո իրական պատկերը: Ես այլևս չեմ վախենում իմ ոչ մի բառից: Անկեղծ ասած ինձ համար արդեն միևնույնն է, թե ինչ կմտածես դու: Ես միայն ուզում եմ, որ լսես ինձ: Բառերս հնարավոր է հասարակ թվան, գուցե կոպիտ, գուցե և արհամարհական: Ընդունիր դրանք ինչպես ուզում ես: Ամեն մարդու համար դու տարբեր ես: Այդպես էիր նաև ինձ համար: Դու ինձ համար յուրովի էիր քո մարդ տեսակով, քո գաղափարներով ու մտքերով, բայց ամեն ինչ փոխվեց շատ կարճ ժամանակում: Երևի լսած կլինես << հիասթափություն >> կոչվող զգացմունքի մասին: Հենց այն ինձ ստիպեց, որ դառնաս ինձ համար սովորական մեկը: Հիասթափությունը ամիսներ շարունակ` շատ դանդաղ, բայց արդյուհետև, քեզ դարձրեց ինձ համար անծանոթ: Հիմա դու հավասարվել ես այն մարդկանց, որոնց տեսնելիս նույնիսկ չեմ էլ բարևում: Մի պահ մոռացիր ամեն ինչ և պատկերացրու բառերիս լրջությունը: Այն ամենից հետո, ինչը ես տեսա և զգացի քո պատճառով, մի բարևն անգամ շատ եմ համարում շռայլել քեզ: Գուցե տարիներ հետո քեզ տեսնեմ փողոցում և չհիշեմ դեմքդ անգամ: Հիմա ես ուրախ եմ: Ուրախ եմ առանց քեզ և ուրախ եմ, որ ասացի այն ամենը, ինչը կուտակվել էր իմ ներսում: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ երջանիկ եմ: Եվ գիտես ինչու, որովհետև իմ կյանքում կա << նա >> : Հակիրճ, բայց բազմաբովանդակ այս խոսքերով ներկայացրեցի քեզ այն ամբողջը, որն ուզում էի ասել: Դու երևի չնկատեցիր: Քո մասին խոսելիս ես նայում էի քեզ անտարբեր հայացքով: Դեմքիս ոչ մի բացասական և դրական շարժում չկար, իսկ, երբ ասացի, որ իմ կյանքում կա << նա >>, դեմքիս մի գեղեցիկ ժպիտ հայտնվեց: Ահա, թե որն է ձեր տարբերությունը: